Հարցեր «Այբ»–ին

Մի քանի ինչուների և ինչպեսների մասին
Նախագծերի մասին
«Այբ»-ի ո՞ր ծրագրերին կարող են դիմել արցախցի սովորողները։

«Այբ» կրթական հիմնադրամը մեծապես կարևորում է Արցախի և սփյուռքի մեր սովորողների, ուսուցիչների և հայրենակիցների համար հայալեզու կրթական լավագույն հնարավորությունների հասանելության ապահովմանը։ Մեր բոլոր ծրագրերը, բացառությամբ կոնկրետ մարզերի կամ շրջանների վերաբերող ծրագրերի, հասանելի են նաև մեր արցախցի շահառուների համար։ Ձեզ հարմար ծրագրեր կարող եք գտնել մեր «Ծրագրեր» բաժնում։

Ովքե՞ր կարող են օգտվել «Այբ» կրթական հիմնադրամի կրթավճարային ծրագրից։

«Այբ» ավագ դպրոցը Հայաստանի Հանրապետության ոչ պետական կրթության ոլորտում առաջին սոցիալական ծրագիրն է: «Այբ» հիմնադրամը հայթայթում է ֆոնդեր՝ անհատ բարերարների ու կազմակերպությունների նվիրատվություններից, որպեսզի որևէ աշակերտ, որ ընդունվել է «Այբ» ավագ դպրոց, չզրկվի այստեղ սովորելու հնարավորությունից ֆինանսական պատճառներով: «Այբ» ավագ դպրոցի աշակերտների ավելի քան 70%-ն ամեն տարի «Այբ» հիմնադրամից ստանում է կրթավճար (ուսման արժեքի փոխհատուցում):

Հնարավորությունը գործում է «Այբ» ավագ դպրոցում ուսանելու բոլոր երեք տարիների համար: Կրթավճարի համար դիմելու կարգը կարող եք տեսնել «Այբ» դպրոցի էջում։

Վերապատրաստման ու վարպետության ի՞նչ ծրագրեր կան մեծահասակների համար։

«Այբ»-ն առաջարկում է շարունակական կրթության և ինքնազարգացման բազմաթիվ հնարավորություններ նորը սովորելու բոլոր սիրահարների համար՝ անկախ տարիքից։ «Այբ»-ը պարբերաբար հրավիրում է բոլոր մասնագիտական ոլորտների առաջատար մասնագետներին իբրև խոսնակ հանդես գալու հանրության համար բաց «Հաջողության բանաձև» և «Ինքնություն և արժեքներ» զրույց-քննարկումների իր նախագծերի շրջանակում։ Պարբերաբար կազմակերպվում են նաև վարպետության դասեր։

Հեռավար ուսումնառության ի՞նչ հնարավորություններ է առաջարկում «Այբ»-ը։

Ինքնակրթության սիրահարների համար մշտապես հասանելի է համաշխարհային ամենամեծ առցանց կրթական շտեմարանի՝ «Քան» ակադեմիայի անվճար հարթակի հայալեզու տարբերակը։ «Այբ» կրթական հիմնադրամը 2017-ից հայերեն է տեղայնացնում հարթակը՝ համաշխարհային կարգի որակյալ կրթական ռեսուրսները հասանելի դարձնելու բոլորին և ամենուրեք։

Միջազգային գործընկերությամբ ի՞նչ ծրագրեր կան «Այբ»-ում։ Ո՞վ կարող է մասնակցել։

«Այբ»-ն իր 17-ամյա գործունեության ընթացքում բազմաթիվ ծրագրեր է իրականացրել և իրականացնում միջազգային գործընկերների աջակցությամբ և նրանց հետ գործակցությամբ։ 

Երիտասարդների շրջանում հատկապես մեծ հետաքրքրություն է առաջացնում «Սերունդ առանց սահմանների» միջազգային մրցույթը, որն անցնում է imaGen երիտասարդական համաշխարհային նախաձեռնության շրջանակում։ Սա հնարավորություն է մեր երիտասարդների համար զարգացնելու նորարական միտքը, այն վերածելու կենսունակ նախագծի և դրանով լուծելու արդիական ու հանրօգուտ որևէ խնդիր։ Մանրամասները կարող եք տեսնել մեր «Ծրագրեր» բաժնում։

Ուսուցիչների վերապատրաստման ի՞նչ ծրագրեր կան «Այբ» կրթական հիմնադրամում։

Ուսուցիչների վերապատրաստման հնարավորություններ է առաջարկում «Այբ» ակադեմիան, ուսուցիչների առցանց կրթության անվճար հայալեզու մեծ շտեմարան՝ «Քան» ակադեմիան։ Ուսուցիչների համար հասանելի բոլոր ծրագրերին կարող եք ծանոթանալ մեր կայքի «Ուսուցիչներին» բաժնում։

Ինչպես նվիրաբերել
Որտե՞ղ կարող եմ տեսնել նվիրաբերության համար բաց ծրագրերը։

Կրթական նպատակների համար «Այբ» կրթական հիմնադրամի բոլոր դրամահավաք արշավները կարող եք տեսնել և դրանց աջակցել donate.ayb.am-ում։ «Այբ»-ի որոշ ծրագրերի կարող եք աջակցել նաև ռեԱրմենիա հարթակում։ Այս պահին այնտեղ ընթացիկ դրամահավաք է իրականացվում «Քան» ակադեմիայի հայաստանյան հարթակի անվճար կրթական ռեսուրսների համալրման համար։ 

Ի՞նչ անել, եթե չի հաջողվում նվիրաբերություն կատարել։

Հաճախ նվիրաբերություն հնարավոր չի լինում կատարել տվյալ պահին համացանցային կապի խափանման պատճառով։ Ուստի տեխնիկական խնդրի դեպքում ևս մեկ անգամ ստուգեք ձեր կապը և նորից փորձեք։ Եթե կրկին խնդիր առաջանա, կարող եք կապ հաստատել հիմնադրամի հետ +374(55) 00 37 16 հեռախոսահամարով։ 

Ինչպե՞ս է տնօրինվում իմ նվիրատվությունը։

Ձեր նվիրատվությունը միշտ ուղղվում է բացառապես այն նպատակին, որը նշել եք նվիրատվության պահին։ Եթե նվիրաբերել եք «Կանոնադրական նպատակներին» կամ «Որտեղ ամենից շատ է հարկավոր», հիմնադրամն իրավունք ունի, ըստ տվյալ պահի առաջնահերթությունների և անհրաժեշտության, ինքնուրույն որոշում կայացնելու, թե որ ծրագրին կուղղվի գումարը։

Ինչպե՞ս մասնակցել «Բարի ընթրիք» բարեգործական նախագծին և որտե՞ղ հետևել թարմացումներին։

«Բարի ընթրիք» բարեգործական աճուրդների բացմանը և ընթացքին կարող եք հետևել ծրագրի ֆեյսբուքյան և լինկդինյան էջերում։ Նախագծի նպատակը Հայաստանի, սփյուռքի ու Արցախի երեխաներին լավագույն կրթության հնարավորություն տալն է: Հավաքված բոլոր միջոցներն ուղղվում են «Այբ» ավագ դպրոցի կրթաթոշակային ֆոնդին։

Արդյո՞ք իմ նվիրատվությունը հարկվում է։

Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի՝ ոչ առևտրային կազմակերպությունների անհատույց ստացած ակտիվները (այդ թվում` անդամավճարները), աշխատանքները և ծառայությունները հարկման ենթակա չեն։

Բարեգործական ի՞նչ նախաձեռնությունների միջոցով կարող եմ ներդրում ունենալ կրթական նախագծերում։

Կրթական նախագծերի աջակցության համար «Այբ» կրթական հիմնադրամն առաջարկում է շատ տարբերակներ։

Իբրև անհատ

  • Կարող եք միանվագ կամ ամսական նվիրատվություն կատարել donate.ayb.am-ում տեղադրված ցանկացած նախագծի համար։ 
  • Կարող եք ձեր կարևոր իրադարձությանը (տարեդարձ, հարսանիք և այլն) հավելյալ իմաստ հաղորդել՝ ձեր համայնքին առաջարկելով որպես նվեր հանգանակություն կատարել «Այբ» կրթական հիմնադրամին՝ կրթության զարգացման համար։
  • Կարող եք ձեր մտերիմների կարևոր իրադարձությանը որպես նվեր մատուցել իրենց անունից կրթության զարգացման համար կատարված նվիրատվության հավաստագիր։ 
  • Կարող եք մասնակցել «Բարի ընթրիք» աճուրդին և համատեղել հաճելին և օգտակարը։

Իբրև կազմակերպություն

  • Կարող եք մասնակցել ForMath մրցույթին, որի մասնակցության անդամավճարն ամբողջությամբ ուղղվում է «Քան» ակադեմիայի հայաստանյան հարթակի զարգացմանը։ ForMath-ի մասին մանրամասները՝ «Ծրագրեր» բաժնում։
  • Կարող եք մեզ հետ համատեղ ձեր աշխատակիցների կամ նրանց երեխաների համար կազմակերպել կրթական տոն-մրցույթ, որի համար ձեր կողմից վճարվող գումարը կուղղվի ձեր նախընտրած նպատակին։ 
  • Կարող եք դառնալ մեր նախագծերի կամ միջոցառումների հովանավորը, գործընկերը։
  • Կարող եք տրամադրել պրոբոնո աջակցություն (ապրանքի կամ ծառայության անվճար տրամադրում)։
  • Կարող եք ձեր աշխատակիցներին և գործընկերներին որպես ամանորյա կամ այլ տոնական նվեր մատուցել նրանց անունից հանուն կրթության զարգացման կատարված նվիրատվության հավաստագիր։
  • Կարող եք կրկնապատկել ռեԱրմենիա հարթակում մեր դրամահավաք նախագծերի շրջանակներում այլ բարերարների կատարած նվիրատվությունները։
Ինչպե՞ս են գոյանում և բաշխվում «Այբ» կրթական հիմնադրամի միջոցները։

Հիմնադրամի միջոցները գոյանում են անհատ բարերարների, կազմակերպությունների նվիրաբերություններից, դրամաշնորհներից, ծրագրային եկամուտներից, ֆինանսական ներդրումների ադյունքում առաջացած եկամուտներից և այլ մուտքերից։

Ինչպես ներգրավվել
Ի՞նչ կառույցների հետ է գործակցում «Այբ» կրթական հիմնադրամը։ Ինչպե՞ս դառնալ գործընկեր։

Կազմակերպություններին «Այբ»-ն  առաջարկում է փոխշահավետ համագործակցության տարբեր ձևաչափեր։ Եթե ունեք առաջարկներ կամ ուզում եք իմանալ համագործակցության հնարավոր տարբերակների մասին, այցելեք «Կազմակերպություններին» էջը։ Մեզ հետ գործակցող կառույցներին  կարող եք ծանոթանալ կայքի՝ գործընկերների համար նախատեսված բաժնում։

Ինչպե՞ս կարող եմ ներգրավվել «Այբ» կրթական հիմնադրամի նախագծերում:

Կրթության վերափոխող ուժը կրող և այն իր գործընկերներին և սովորողներին փոխանցել ցանկացող յուրաքանչյուր անհատ կարող է դառնալ «Այբ» համայնքի մաս։ Դրա համար կան բազմաթիվ հարթակներ։ «Այբ»-ի ծրագրերին, աշխատարաններին, դասընթացներին մասնակցող ուսուցիչները և աշակերտները, որոնք աչքի են ընկնում ակտիվությամբ, նորը սովորելու ու սովորածը փոխանցելու պատրաստակամությամբ, կարող են հավակնել «Այբ»-ի դեսպան-ուսուցչի և դեսպան-աշակերտի կոչումներին։ Սա հնարավորություն է մեծացնելու ձեր ներգրավվածությունը համայնքային և համապետական կրթական գործընթացներում և հայտնի դառնալու որպես մասնագետ, փոփոխության կրող և առաջնորդ։

Ուսուցիչների, սովորողների և կազմակերպությունների համար մեր բոլոր առաջարկները կգտնեք կայքի գլխավոր էջում։

Ո՞ւմ կարող եմ ներկայացնել համագործակցության իմ առաջարկները։

Մեր մասնագետները միշտ ուրախ են քննարկելու ցանկացած առաջարկ։ Կարող եք զանգահարել +374 55003716 հեռախոսահամարով կամ գրել մեզ [email protected] էլ․ հասցեով։

Ինչպե՞ս դառնալ «Այբ» համայնքի անդամ, եթե ապրում կամ գործում եմ արտերկրում։

«Այբ» կրթական հիմնադրամի համայնքի զգալի մասն ապրում և արարում է արտերկրում։ 

  • Դուք կարող եք նվիրատվություն կատարել ձեր նախընտրած ծրագրին donate.ayb.am կայքում։
  • Հարկերի վերադարձման հնարավորությամբ նվիրատվությունները կարող եք կատարել ԱՄՆ մեր պաշտոնական գործընկեր VEM USA Inc.-ին, որը 501(c)(3) ոչ առևտրային կազմակերպություն է։ 
  • Մեզ կարող եք աջակցել նաև AmazonSmile-ի միջոցով՝ ձեր առցանց առևտուրը կատարելով այդ հարթակից և որպես շահառու շահույթ չհետապնդող նշելով VEM USA Inc.-ը։ 
  • Եթե աշխատում եք միջազգային այնպիսի կազմակերպությունում, որն ունի matching donation համակարգ, կարող եք նվիրատվություն կատարել VEM USA Inc.-ին, և ձեր գործատուն կկրկնապատկի այդ նվիրատվությունը։ 
  • Կարող եք ձեր կարևոր իրադարձությանը (տարեդարձ, հարսանիք և այլն) հավելյալ իմաստ հաղորդել՝ ձեր համայնքին առաջարկելով որպես նվեր հանգանակություն կատարել «Այբ» կրթական հիմնադրամին՝ կրթության զարգացման համար։
  • Կարող եք ձեր մտերիմների կարևոր իրադարձությանը որպես նվեր մատուցել իրենց անունից կրթության զարգացման համար կատարված նվիրատվության հավաստագիր։
Ի՞նչ նոր նախաձեռնություններ են առաջիկայում սպասվում։ Ինչպե՞ս կարող եմ ներգրավվել։

«Այբ»-ում սպասվող բոլոր նախաձեռնություններին կարող եք ծանոթանալ՝ հետևելով մեր կայքի «Միջոցառումներ» բաժնին կամ «Այբ» կրթական հիմնադրամի սոցիալական էջերին։